Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Այստեղ դեպքերի հանգուցակետում է ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մեծահարուստ Աբիսողոմ աղան, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ: Նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական կարիքները։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։